Ավարտելով Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցը`  1993 թվականին ընդունվել եմ Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտի (ներկայիս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) Ինժեներա տնտեսագիտական ֆակուլտետի «Թեթև և տեքստիլ արդյունաբերության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտություն` անվճար համակարգում: Մեկ տարվա ուսումնառությունից հետո, երկրորդ կուրսում տեղափոխվել եմ նույն ինստիտուտի Կառավարման ֆակուլտետի «Մենեջմենթ (կառավարում)» մասնագիտություն: Համալսարանում ուսումնառության տարիներին ընդգրկվել եմ ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմում: Երրորդ կորստից սկած յուրաքանչյուր տարի մասնակցել եմ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) աշխատանքներին: Այդ շրջանում հրապարակման եմ ներկայացրել գիտական թեզիսներ:
Ուսումնառության չորրորդ կուրսում արտադրական պրակտիկա եմ անցել Նոր Հաճն քաղաքի «ՇՈՂԱԿՆ» ադամանդի վերամշակման ընկերությունում: Հինգերորդ կուրսում նախադիպլոմային պրակտիկա եմ անցել ՀՀ կառավարության աշխատակազմում (ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմում):

1998 թվականին գերազանցությամբ հանձնելով պետական ավարտական քննությունները «Տնտեսագիտության տեսություն» և «Մենեջմենթ» առարկաներից և պաշտպանելով ավարտական դիպլոմային աշխատանքը ավարտել եմ Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը «Կառավարում» մասնագիտությամբ` ստանալով տնտեսագետի որակավորում:

Հանձնելով քննություններ «Փիլիսոփայություն», «Օտար լեզու» և «Մենեջմենթ» առարկաներից`1998 թվականի հոկտեմբերի 20-ին ընդունվել եմ Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտի ասպիրանտուրա` կառավարման ամբիոնում: Նույն թվականին ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հաստատվել է իմ թեկնածուական ատենախոսության թեման «Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով, որի գիտական ղեկավար է նշանակվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը:

Ասպիրանտուրայում սովորելու տարիներին 1999 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցում մասնակցել եմ որակավորման բարձրացման դասընթացների «ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բարեփոխումները» թեմայով:

2001 թվականի, պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը, ժամկետից շուտ ավարտել եմ ասպիրանտուրան` անցնելով գիտամանկավարժական աշխատանքի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնում:

2000 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել եմ անգլերենի ուսուցման դասընթացների:

2003 թվականին Էստոնիայում մասնակցել եմ Էլեկտրոնային կառավարման ակադեմիայի (e-Governanace Acedemy) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից կազմակերպված «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինֆորմացիոն տեխնոլոգիաները հանրային ոլորտում» թեմայով վերապատրաստման դասընթացներին:

2006 թվականին ընդունվել եմ Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոց, որն ավարտել եմ 2007 թվականին` Հայաստանյան սեմինարներին և Ստրասբուրգում կազմակերպված Ժողովրդավարության ամառային համալսարանին մասնակցելուց հետո:
2010 թվականին սովորել և ավարտել եմ Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցը: