Վաչե Տերտերյանի հետ իմ ծանոթությունը հաստատվել է ՀՀ կառավարության աշխատակազմում աշխատած տարիներից: Աշխատանքային գործընկերությունը տարիների ընթացքում վերածվեց ջերմ բարեկամության, արի արդյունքում իմ երիտասարդական հասակում ես բախտ ունեցա անմիջական շփման մեջ լինել մարդկային, մասնագիտական բացառիկ որակներ ունեցող մի մարդու հետո, որը հսկայական ազդեցություն ունեցավ իմ հետագա կյանքի և ճակատագրի վրա: Վաչե Տերտերյանի շնորհիվ ես կարողացա հասնել մասնագիտական հաջողությունների, խորացնել իմ գիտելիքներն ու ունակությունները հատկապես տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման բնագավառներում: Նրա օգնության և ջանքերով ես կարողացա կարճ ժամանակահատվածում սահուն ծառայողական առաջխաղացում ունենալ ՀՀ կառավարության աշխատակազմում և փորձագիտական հանրության մեջ: Վաչե Տերտերյանը ինձ համար մշտապես եղել է ավագ եղբոր կարգավիճակ ունեցող էտալոնային կերպար, որին նմանվելու ձգտումը դարձել է իմ կյանքի ուղենիշներից մեկը: Վաչե Տերտերյանը Հայաստանում ճանաչված և մեծ հեղինակություն վայելող պետական գործիչ է: Երկար տարիներ նա պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կառավարության աշխատակազմում և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում: Նրա անվան հետ են կապվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման ոլորտներում իրականացվող բարեփոխումներն ու զարգացումները: