Ռուզան Ֆերդինանդի Ղազարյան

Ծնվել է 1964 թվականին մայիսի 16-ին Վայք քաղաքում: Գերազանց առաջադիմությամբ, ոսկե մեդալով ավարտելով Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոցը ընդունվել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի ֆակուլտետ: Համալսարանում ուսումնառության տարիներին զուգահեռաբար ավարտել է նաև Մշակույթի ֆակուլտետը` ստանալով երկրորդ մասնագիտություն:
Գերազանցությամբ ավարտել է Վայքի արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը:
Աշխատել է անցել Վայքի հիվանդանոցում որպես լաբորատորիայի վարիչ:
2000 թվականից զբաղվում է հասարակական գործունեությամբ` հիմնադրելով Վայքի «Աշխատանք և Հայրենիք» հասարակական կազմակերպությունը:
2009 թվականից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում:
Զբոսաշրջության և բնապահպանական թեմաներով մի քանի գրքերի հեղինակ է:
Ամուսնացած է: Ամուսինը` Շիրակ Միքայելյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ և ձեռնարկատիրությամբ: Նրա ջանքերով Վայքում կառուցվել է Տուրիզմի կենտրոն, որը միաժամանակ հանդիսանում է նաև Վայքի լավագույն հյուրանոցն ու որպես տեղեկատվական կենտրոն ծառայում է տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին:
Ավագ որդին` Տիգրան Միքայելյանը ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը, ծառայել է հայկական բանակում: Ներկայումս աշխատում է Վայքի տուրիզմի կենտրոնում:
Միջնեկ որդին` Արգիշտի Միքայելյանը ծառայել է հայկական բանակում: Ներկայումս սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում: ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահն է, Վայքի երիտասարդական կենտրոնի հիմնադիր նախագահը:
Դուստրը` Փերի (Փառանձեմ) Միքայելյանը գերազանց առաջադիմությամբ սովորում է Վայքի պետական վարժարանում: Ակտիվորեն մասնակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին:




Աննա Ֆերդինանդի Ղազարյան

Ծնվել է 1965 թվականին դեկտեմբերի 8-ին Վայք քաղաքում: 1983 թվականին ավարտել է Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոցը և նույն թվականին աշխատանքի է ընդունվել Վայքի կենտրոնական գրադարանում, որպես գրադարանավար:  1984 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի գրադարանավարության և մատենագրության բաժինը:
1986-1987 թվականների աշխատել է Ջերմուկի մանկական գրադարանում, որպես ավագ գրադարանավար:
1987-1998 թվականների աշխատել է Վայքի գրադարանում, որպես ավագ գրադարանավար:
Ամուսնացած է: Ամուսինը` Թարո Հակոբյանը վաստակաշատ մանկավարժ է: Երկար տարիներ աշխատում է ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոսի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն:
Որդին` Դավիթ Հակոբյանը, ծառայել է հայկական բանակում, ավարտել է Հայ-ռուսական էկոլոգիայի և իրավունքի պետական համալսարանը:
Դուստրը` Տաթևիկ Հակոբյանը սովորում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում` միաժամանակ դասավանդում է ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոսի միջնակարգ դպրոցում: 2010 թվականից ընտրվել է Մարտիրոսի երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ:


 
Լիլիթ Ֆերդինանդի Ղազարյան

Ծնվել է 1969 թվականին հուլիսի 30-ին Վայք քաղաքում: Գերազանց առաջադիմությամբ, 1985 թվականին  ավարտելով Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոցը ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1992 թվականին:
Գերազանցությամբ ավարտել է Վայքի արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը:
1992-1997 թվականների որպես դեղագետ աշխատել է Վայքի դեղատանը:
1997 թվականից աշխատանքի է անցել ՀՀ առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում (դեղգործակալություն) որպես առաջատար, այնուհետև գլխավոր մասնագետ:
2004 թվականին դեղգործակալության տնօրեն, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հրամանով նշանակվել է գործակալության փոխտնօրեն, այդ պաշտոնում աշխատում է մինչ օրս:
1997-2006 թվականների դասավանդել է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտում:
Մասնակցել է դեղագործության թեմաներով բազմաթիվ ազգային և միջազգային սեմինարների, գիտաժողովների: Շուրջ մեկ տասնյակ գիտական հրապարակումների, իրավական փաստաթղթերի հեղինակ է: