Երաժշտություն

Ազատ ժամանակ սիրում եմ նվագել դաշնամուր և ջութակ: Սիրում եմ երգել Ռուբեն Հախվերդյանի, Արթուր Մեսչյանի, Արամ Ավագյանի հեղինակած երգերը, ինչպես նաև հայկական ռոմանսներ:

    

Վոլեյբոլ


Վոլեյբոլն իմ ամենասիրած մարզաձևն է, որով ես սիրում եմ զբաղվել: Վոլեյբոլի պարապմունքների ես հաճախել եմ դպրոցական հասակից: Հիմա հաճույքով յուրաքանչյուր շաբաթ վոլեյբոլ եմ խաղում ուսանողների հետ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում խաղում եմ վոլեյբոլի դասախոսական հավաքականի կազմում: Վերջին տարիներին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի թիմի կազմում մասնակցում եմ ՀՀ Վայոց ձոր մարզում ավանդաբար կազմակերպվող Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարին:
 


Լեռնային դահուկներ



Լեռնային դահուկներով ես սկսել եմ զբաղվել 2006 թվականից, երբ Ծաղկաձորում առաջին անգամ կանգնեցի դահուկների վրա: Սիրելով այդ մարզաձևը ես պարբերաբար սկսեցի այցելել Ծաղկաձոր` այն դարձնելով ընկերական և ընտանեկան հանգստի լավագույն ձևերից մեկը: Ձմռան ամիսների ես պարբերաբար այցելում եմ Ջերմուկ և Ծաղկաձոր` դահուկներով սահելու նպատակով:
 


Լող



Լողով ոչ կանոնավոր կերպով զբաղվում եմ դպրոցական դասակից: Լողալ սովորել եմ Ջերմուկում, «Ջերմուկ» առողջարանի, իսկ այնուհետև Ջերմուկի կուրորտային մարզամշակութային կենտրոնի լողավազանում: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեմ կարողանում կանոնավոր կերպով այցելել լողավազաններ, սակայն ցանկացած առիթ բաց չեմ թողնում սիրած մարզաձևով զբաղվելու համար:
 


Սեղանի թենիս



Սեղանի թենիսով զբաղվում եմ գրեթե յուրաքանչյուր շաբաթ: Առաջին անգամ այս մարզաձևով զբաղվել եմ դպրոցական տարիներից` Ջերմուկում: Երկար ժամանակ սեղանի թենիսով զբաղվելու հնարավորություն և առիթ չեմ ունեցել: 2008 թվականից, երբ աշխատանքի անց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում, անձնական միջոցներով ձեռք բերեցի սեղանի թենիսի դաշտ և մասնաճյուղում ստեղծեցի պայմաններ թենիս խաղալու համար: Դա էլ առիթ հանդիսացավ սիրած մարզաձևը վերհիշելու և դրանով զբաղվելու համար:

 

Չմշկասահք



Չմուշկների վրա առաջին անգամ կանգնել եմ 2008 թվականի Երևանի Կարապի լճի տարածքում կառուցված սահադաշտում: Դրան հաջորդող առաջին արտասահմանյան ուղևորության ընթացքում ձեռք բերեցի սեփական չմուշկներ` առավել հաճախ այցելելով սահադաշտ: Հետագայում սկսեցի հաճախել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գտնվող սահադաշտ: Թեև չմուշկներով սահելը հաճելի զբաղմունք է ինձ համար, սակայն ե դեռևս հեռու եմ սառույցի վրա անգամ տարրական վարժություններ կատարելու կարողությունից: Սա ինձ համար պարզապես հաճելի ժամանցի մի ձև է, հատկապես երբ այն վերածվում է ընտանեկան հանգստի: