Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, ծառայողի ընտանիքում: Հայրը` Ֆերդինանդ Կարապետի Ղազարյանը (1938-1997թթ.) եղել է մանկավարժական գիտությունների թեկնածու, զբաղեցրել է պետական և կուսակցական տարբեր պաշտոններ: 1991-1995թթ. եղել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Մայրը` Բախտիմ Արշալույսի Ջանոյանը (ծնվ. 1939թ.) մանկավարժ է, ներկայումս` թոշակառու: 

1985 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ջերմուկ, ուր 1990 թվականի ավարտել է արվեստի դպրոցի ջութակի բաժինը, իսկ 1992 թվականին` Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 

1993
թվականին ընդունվել է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտ), որի կառավարման ֆակուլտետի «Մենեջմենթ» մասնագիտությունն ավարտել է 1998 թվականին: Նույն թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրա, որը ժամկետից շուտ ավարտել է 2001 թվականին` պաշտպանելով ատենախոսություն "Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում" թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 
 
1999
թվականին ՀՀ կառավարման դպրոցում (ՀՀ պետական կառավարման ակադեմիա) մասնակցել է "ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բարեփոխումները" թեմայով կայացած կարճատև որակավորման դասընթացին և ստացել որակավորման բարձրացման հավաստագիր: 

2006 թվականին ընդունվել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոց, որն ավարտել է 2007 թվականին` Ստրասբուրգում:
2010
թվականին ավարտել է Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցը:

1999 թվականից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: 2004-2006 թվականներին դասավանդել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Որպես դասախոս 2004-2005 թվականներին մասնակցել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում գլխավոր և առաջատար խմբերի քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման դասընթացներին: 
Որպես դասախոս մասնակցել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի, ինչպես նաև համայնքների ավագանու անդամների վերապատրաստման դասընթացներին:
Որպես դասախոս 2007 թվականից մասնակցում է համայնքների միությունում համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներին: 

1998 թվականին աշխատանքի է ընդունվել "ՋԵՐՄՈՒԿ" ՓԲԸ-ում` որպես ընկերության ներկայացուցիչ Երևան քաղաքում: 

1998 թվականին աշխատանքի է ընդունվել ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմում` որպես առաջատար մասնագետ: 1999 թվականին տեղափոխվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն` սկզբում որպես առաջատար, այնուհետև` գլխավոր մասնագետ: 

2000-2001 թվականներին աշխատել է Եվրոմիության Tacis կազմակերպության "Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին" ծրագրում, որպես կառուցվածքային բարեփոխումների փորձագետ: 

2001-2002 թվականներին աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչությունում` որպես վարչության պետի տեղակալ: 

2002-2003 թվականներին աշխատել է "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ" ՓԲԸ-ում` որպես Մարքեթինգի գծով տնօրեն, իսկ  2003 թվականից մինչ 2007 թվականը` ընկերության նախագահի խորհրդական: 

2008 թվականի մարտին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հրամանով նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն:
2011 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ընտրվել է ՀՊՏՀ Կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնում:

2012 թվականի հունիսի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ:

Համագործակցում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրներով զբաղվող մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ: 

1999-2006 թվականների ընթացքում մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրներին նվիրված բազմաթիվ տեղական և միջազգային կոնֆերանսների և գիտաժողովների: 2001-2006 թվականների ընթացքում, ուսումնական այցի նպատակով, եղել է մի շարք երկրներում (Դանիա, Լատվիա, Էստոնիա, Չեխիա, Թուրքիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Նիդերլանդներ, Վրաստան, Գերմանիա): 

Որպես փորձագետ ընդգրկված է Գերմանական Միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ), Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) և այլ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում: 
Տեղական ինքնակառավարման թեմաներով տասնյակ ուսումնական ձեռնարկների, գրքերի, հոդվածների և այլ գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է: 

Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի գիտական խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Էդգար Ղազարյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի 2007 թվականի հունվարի 26-ի որոշմամբ Էդգար Ղազարյանին իրավունք է տրվել ղեկավարելու թեկնածուական ատենախոսություններ 

Մենեջմենթի հայկական ընկերակցություն, Համայնքների ֆինանսիստների միավորում, Աշխատանք և Հայրենիք, Հայ պետական ծառայողների միություն, Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա, Հայաստանի որսորդների և ձկնորսների միություն հասարակական կազմակերպությունների անդամ է: 
Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է:
 "
Մասնագետների վերապատրաստման ինստիտուտ" հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

2010 թվականի նոյեմբերին 9-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով` Հայաստանի  Հանրապետության համայնքների կայացման և զարգացման գործում ներդրած ավանդի համար: