Գիտական գործունեությամբ զբաղվելու առաջին քայլերը ես սկսել եմ իրականացնել համալսարանում սովորելու տարիներից` երրորդ կուրսից մասնակցելով ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) աշխատանքներին: 1998 թվականին կազմակերպված “Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ժամանակակից հիմնահարցերը” թեմայով ուսանողական գիտական ընկերության 19-րդ նստաշրջանի ընթացքում հրապարակվեց իմ առաջին թեզիսը. «Հավատարմագրային հիմունքներով ունեցվածքի կառավարման էությունն ու առանձնահատկությունները» վերնագրով:
1998 թվականին ավարտելով համալսարանը ինձ հաջողվեց ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա, պետական պատվերով ասպիրանտուրա` կառավարման ամբիոնում: Ամբիոնի նիստում, հետագայում ՀՊՏՀ գիտական խորհրդում հաստատվեց իմ թեկնածուական ատենախոսության թեման «Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով, իսկ գիտական ղեկավար նշանակվեց կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը:
Ատենախոսության շրջանակներում իմ կողմից հրապարակվել են բազմաթիվ գիտական հոդվածներ, մեկ գրքի գլուխ, մասնակցել եմ տեղական ինքնակառավարման թեմաներով գիտաժողովների:
2001 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում գործող թիվ 008 մասնագիտական խորհրդում տեղի է ունեցել իմ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որի ընթացքում խորհրդի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ինձ շնորհեցին տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Հետագա տարիներին ես շարունակել եմ զբաղվել գիտական գործունեությամբ հրապարակելով ավելի քան երեք տասնյակ գիտական հրապարակումներ (հոդվածներ, թեզիսներ, մենագրություններ և այլն): Տարբեր տարիների առիթ և հնարավորություն եմ ունեցել մասնակցելու տարբեր տարիներին կազմակերպվող տեղական և միջազգային գիտաժողովների, որոնց շրջանակներում հանդես եմ եկել գիտական զեկուցումներով և ներկայացնելով հրապարակման համար անհրաժեշտ նյութեր:
Որպես գիտական խմբի անդամ ներգրավված եմ եղել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի կողմից իրականացվող և պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների մշակման ծրագրերում:
Գիտական գործունեության առանձին ուղղություն ինձ համար հանդիսացել է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձին խնդիրների ուսումնասիրություններ եմ իրականացնել` համագործակցելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության (GTZ), Համաշխարհային բանկի և այլ կազմակերպությունների պատվերով: Կատարված ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են համապատասխան կազմակերպությունների կողմից:
Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի գիտական խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ ինձ շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի 2007 թվականի հունվարի 26-ի որոշմամբ ինձ իրավունք է տրվել ղեկավարելու թեկնածուական ատենախոսություններ:
Որպես պաշտոնական ընդդիմախոս հանդես եմ եկել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության ժամանակ: Գրախոսել եմ մի քանի տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, հրապարակման ներկայացվող գրքեր և ուսումնական ձեռնարկներ:
Ընդհանուր առմամբ 33 գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ եմ, որոնց թվում են ինչպես գիտական թեզիսներ, այնպես ել հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ և այլն:
2011 թվականին Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատվել է իմ դոկտորական ատենախոսության թեման. «Տարածքային համաչափ զարգացման և տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում»: