Ֆերդինանդ Կարապետի Ղազարյան

Ծնվել է 1938 թվականին դեկտեմբերի 16-ին Վայքի շրջանի Ազատեկ գյուղում, գյուղացու ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի յոթնամյա դպրոցում, որն ավարտելուց հետո սովորել է Զառիթափի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանում, այնուհետև ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը: 1958 թվականին ավարտելով ուսումնարանըª նույն տարում ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը: 1962 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը:
Ինստիտուտն ավարտելուց հետո անցել է աշխատանքի Վայքի N 1 միջնակարգ դպրոցում որպես ուսումնական մասի վարիչ: 1965 թվականին ընտրվել է ՀԼԿԵՄ Վայքի շրջկոմի առաջին քարտուղար, ուր աշխատել է մինչև 1967 թվականը: Այդ տարիներին հեռակա կարգով ընդունվել և ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան:

1967-1974 թվականներին աշխատել է ՀԿԿ Վայքի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ: 1974 թվականին ընտրվել է ՀԿԿ Վայքի շրջկոմի քարտուղար, 1976 թվականին` երկրորդ քարտուղար: 1985 թվականի դեկտեմբերից մինչև 1991 թվականը աշխատել է Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
1990 թվականին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է կրթության, գիտության, լեզվի, մշակույթի հարցերի հանձնաժողովի անդամ: Պատգամավորական գործունեությունը համատեղել է նաև դասախոսական աշխատանքով` դասավանդելով Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում:
1995 թվականից զբաղվում էր ակտիվ հասարակական գործունեությամբ և հրապարակախոսությամբª մամուլում հրապարակելով բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ:

Որպես հասարակական պաշտպան մասնակցել է Կ.Բալայանի և “Սեպտեմբերի 26”-ի գործով մյուս մեղադրյալների դատական պաշտպանությանը:
“Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ” հասարակական կազմակերպության հիմնադիր անդամներից մեկն էր, այդ կազմակերպության խորհրդի անդամ:

1978 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը, այդ նույն տարում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1985 թվականին լույս է ընծայել”Դպրոցականների դաստիարակության նկատմամբ կոմպլեքսային մոտեցում” մենագրությունը: Մամուլում հրապարակվել են մի քանի գիտական հոդվածներ:

Ջերմուկում աշխատելու տարիներին, Վ.Ազատյանի հետ համատեղ, հրապարակել է “Ջերմուկ” գիրք-ուղեցույցը, որը լավագույն էր առողջարանային այս քաղաքը ներկայացնող մինչ այդ եղած բոլոր հրապարակումների մեջ:
Երկու անգամ պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով և Վ.Ի.Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալով, բազմիցս ընտրվել է Վայքի շրջանային և Ջերմուկի քաղխորհրդի դեպուտատ, ՀԿԿ Վայքի շրջկոմի բյուրոյի անդամ:

Մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 26-ին:
1999 թվականի Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ Ջերմուկի ըմպելասրահից մինչև Սառնաղբյուր ձգվող ճեմուղին անվանակոչվել է Ֆերդինանդ Ղազարյանի անունով: Այդ ճեմուղու սկզբնամասում կանգնեցված է Ֆ.Ղազարյանի հուշաքարը: