Իմ աշխատանքային գործունեությունը սկիզբ է առնում դպրոցական տարիքից: Ավարտելով հանրակրթական դպրոցի յոթերորդ դասարանը` ծնողներիս հորդորով, իմ ընկերոջս` Արամ Համբարձումյանի հետ, աշխատանքի եմ անցել Ջերմուկի կոմունալ տնտեսությունում որպես կանաչապատման բանվոր: Այդ ժամանակ հայրս Ջերմուկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահն էր, ուստի շատերի համար իմ այդ քայլը պարզապես անհասկանալի էր: Կանաչապատման ընկերությունում ես հիմնականում աշխատում էին Ջերմուկի քաղաքային զբոսայգում: Երեք ամիս աշխատելուց հետո, ես Ջերմուկի կոմունալ տնտեսությունում շարունակել եմ աշխատել նաև ութերորդ և իններորդ դասարանների ամառային արձակուրդների ընթացքում:
Ուսանողական տարիներին, հատկապես մեր ընտանիքի սոցիալական անհրաժեշտությունից ելնելով, ես աշխատանքի անցա մի մասնավոր ընկերությունում, որը զբաղվում էր Լատվիայից Հայաստան ապրանքներ ներմուծելով: Ես զբաղվում էի ներմուծված ապրանքների իրացումով` համագործակցելով Երևանի մի քանի վաճառակետերի և խանութների հետ:
1998 թվականին, համալսարանն ավարտելուց հետո, ես ընդունեցի Ջերմուկի հանքային ջրերի գործարանի սեփականատեր Աշոտ Արսենյանի առաջարկությունը և ավարտական պետական քննությունները հանձնելուց անմիջապես հետո աշխատանքի անցա ընկերության Երևանում հիմնված նոր բազայում, որպես ընկերության ներկայացուցիչ Երևան քաղաքում: Մի քանի ամիս անց ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանն ինձ աշխատանքի հրավիրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմում, որպես առաջատար մասնագետ: Անցնելով աշխատանքի ՀՀ կառավարությունում` ես ստացա նաև Աշոտ Արսենյանի համաձայնությունը զուգահեռաբար Ջերմուկի հանքային ջրերի գործարանում իմ պարտականությունները կատարելու համար: 1999 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի փոխարեն ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծվեց տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն, որտեղ ես տեղափոխվեցի առաջատար մասնագետի պաշտոնում: Այդ ժամանակահատվածում ՀՀ տարածքային կառավարման նախարար նշանակվեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, որի պաշտոնավարման շրջանում ես նշանակվեցի նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնում: Խոսրով Հարությունյանին ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում փոխարինեց Լեոնիդ Հակոբյանը, որի հետ մի քանի ամիս աշխատելուց հետո 2000 թվականին, ես ընդունեցի Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Tacis կազմակերպության առաջարկությունը և որպես կառուցվածքային բարեփոխումների փորձագետ աշխատանքի անցա “Աջակցություն Հայաստանում  քաղաքացիական ծառայության բարեփոխումներին” ծրագրում:
2001 թվականին, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ինձ առաջարկեց վերադառնալ ՀՀ կառավարությունում աշխատանքի, և ես նշանակվեցի ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալի պաշտոնում: Այդ ժամանակաշրջանում հիշյալ ստորաբաժանումը չուներ վարչության պետ: Վարչության պետի պարտականությունները դրված էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի վրա, ուստի այդ գործառույթները փաստացի ես էի իրականացնում` պարբերաբար մասնակցելով կառավարության նիստերին և մասնակցելով ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի մարզեր կատարվող այցելություններին:
2002 թվականին ես լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցա “ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ” փակ բաժնետիրական ընկերությունում որպես ընկերության մարքեթինգի գծով տնօրեն: Մինչ այդ, հիմնադրման օրվանից, ես ակտիվ համագործակցում էի ընկերության հետ` ներկայացնելով “ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ”-ը Հայաստանում և արտասահմանում: Որպես մարքեթինգի գծով տնօրեն ես պատասխանատվություն էի կրում ընկերության վաճառքի կազմակերպման, գովազդի, հանրային կապերի ապահովման, արտահանման, ներմուծման և այլ հարցերում:
2003 թվականին, երբ “ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ” ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ինձ առաջարկվեց զբաղեցնել ընկերության նախագահի խորհրդականի պաշտոնը` զուգահեռաբար դառնալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանի օգնականը Ազգային ժողովում:
2007 թվականի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը նախաձեռնություն հանդես բերեց ՀՀ Վայոց ձորի մարզում համալսարանի մասնաճյուղ հիմնելու մասին: Դեռևս գաղափարի քննարկման փուլում պրոֆեսոր Սուվարյանն ինձ առաջարկեց ղեկավարել նորաստեղծ մասնաճյուղը և հանձնարարեց զբաղվել դրա հիմնադրման գործընթացի կազմակերպական հարցերով: 2008 թվականի մարտին ես պաշտոնապես նշանակվեցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն: 2011 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ինձ ընտրեց ՀՊՏՀ Կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնում: Այդ պահին ՀՊՏՀ Կառավարման ֆակուլտետը հանդիսանում էր համալսարանի առանցքային ֆակուլտետներից մեկը, որի կազմում գործում էին Կառավարման, Հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման, Կրթության կառավարման Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման, Աշխատանքի տնտեսագիտության թողարկող, ինչպես նաև Բարձրագույն մաթեմատիկայի, Օտար լեզուների համալսարանական սպասարկող ամբիոնները: Ֆակուլտետում  կրթության բոլոր ձևերով սովորում էին ավելին քան 2.000 ուսանողներ, որպես հիմնական դասախոս դասավանդում էին շուրջ 100 դասախոսներ: 2012 թվական հունիսի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ինձ առաջարկեց զբաղեցնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնը: Նույն օրը երեկոյան Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը երաշխավորեց իմ թեկնածությունը: 2012 թվականի հունիսի 22-ի N 759-Ա որոշմամբ ես նշանակվեցի ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում: Նույն օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրեց կառավարության որոշումը:
Այս ողջ ժամանակահատվածում, որպես փորձագետ, ես աշխատել եմ տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող տարբեր միջազգային և հասարակական կազմակերպություններում:
1999 թվականից իմ աշխատանքային կենսագրությանը զուգահեռ զբաղվել եմ գիտամանկավարժական գործունեությամբ` դասավանդելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում: