Հայաստանում մեծ ճանաչում և հարգանք վայելող գործարար և քաղաքական գործիչ Աշոտ Արսենյանի հետ իմ ծանոթությունը սկսվել է 1998 թվականից: Այդ տարիներին նա զբաղեցնում էր Ջերմուկի քաղաքապետի պաշտոնը և միաժամանակ հանդիսանում էր Ջերմուկի հանքային ջրերի գործարանի սեփականատերերից մեկը: Աշոտ Արսենյանի հետ իմ ծանոթությունն ապահովել է իմ մանկության ընկերներից մեկը, նրա եղբորորդին` Արմեն Արսենյանը: Աշոտ Արսենյանն ինձ առաջարկել է աշխատել հանքային ջրերի գործարանում, որպես ընկերության ներկայացուցիչ Երևան քաղաքում: Դա առիթ հանդիսացավ ոչ միայն աշխատանքային, այլև անձնական ջերմ բարեկամության համար: Այդ բարեկամության հավատարիմ մնալով ես նրա հետ միասին տեղափոխվեցին նոր հիմնադրված «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերություն, ուր աշխատեցի սկզբնավորման օրվանից: Աշոտ Արսենյանի հետ իմ համագործակցությունն ու բարեկամությունը, ինչպես նաև մասնավոր ընկերությունում աշխատանքը ինձ հնարավորություն տվեց մի կողմից լուծել անձնական բարեկեցության հետ կապված բազում խնդիրներ, մյուս կողմից գերազանց առիթ հանդիսացավ մասնավոր ոլորտի հետ ուղղակի շփումների, արժեքավոր փորձառության և հեղինակության համար: 2001 թվականից, դուրս գալով ՀՀ կառավարության աշխատակազմում իմ աշխատանքից, ես լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցա ընկերությունում, իսկ 2003 թվականից, երբ պարոն Արսենյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ես ստանձնեցի նաև նրա օգնական գործառույթները խորհրդարանում:
Ջերմուկի քաղաքապետ աշխատած տարիներին Աշոտ Արսենյանի նախաձեռնությամբ Ջերմուկում ֆիդայիների ճեմուղին անվանակոչվեց իմ հայրիկի` Ֆերդինանդ Ղազարյանի անունով: Հետագայում նրա հովանավորությամբ կառուցվեց իմ հայրիկի հիշատակը հավերժացնող հուշաքար: Այդ կապակցությամբ իմ երախտիքն արտահայտելու համար մեր ընտանիքը որոշեց Աշոտ Արսենյանին ընտրել որպես իմ ամուսնության խաչեղբայր:
Աշոտ Արսենյանի հովանավորությամբ Ջերմուկ կառուցվել է Սուրբ Գայանե եկեղեցին, որի կապակցությամբ նա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի Հայրապետական կոնդակով պարգևատրվել է Հայ-Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն պարգևով` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով: